Ռուսական Կիրով քաղաքի երկաթուղային կայարանում, որտեղ առավոտյան գծերից դուրս էր եկել բեռնատար գնացք, հրշեջներն առայժմ չեն կարողացել լիովին հանգցնել այրվող ցիստեռնները: Ծրագրվում է հրդեհն ամբողջությամբ մարել մինչեւ կեսօր:
Դեպքի վայրում հրշեջ գնացք է աշխատում: Եվս երկու հրշեջ ու հինգ վերականգնողական գնացքներ ճանապարհին են, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը հինգին: Ռելսերից դուրս են եկել գազի կոնդենսատ պարունակող 32 ցիստեռն, դրանցից 12-ը բռնկվել են: Հրդեհից անմիջապես հետո մոտակա տներից տարհանվել է 435 մարդ: Զոհեր ու տուժածներ չկան:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կոնտակտային ցանցի վնասվելն է եղել:




























