Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դանակահարված հայր եւ որդի Աշոտ եւ Գարիկ Բարսեղյանները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բժիշկ Դանիել Ամիրաղյանը:

«Այժմ ամբուլատոր բուժում են ստանում, վերքերն այնքան խորը չէին, որ պահեինք հիվանդանոցում: Վերքերը մշակել ենք, կարել ու գնացել են տուն»,- ասաց բժիշկը:

Դանիել Ամիրաղյանի խոսքով՝ հիվանդները ստացել էին ենթամաշկի վնասվածք. «Վտանգավոր ոչինչ չկար, դրա համար էլ չենք պահել հիվանդանոցում»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կողբ գյուղում փետրվարի 4-ին, 31-ամյա Արթուր Հովհաննիսյանը դանակահարել էր հայր եւ որդի  Աշոտ եւ Գարիկ Բարսեղյաններին: 60-ամյա Աշոտ Բարսեղյանը ստացել էր գլխի ճակատային մասի վիրավորում, իսկ 32-ամյա Գարիկ Բարսեղյանը՝ ձախ նախաբազկի վնասվածք: Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել էր: