Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ եւ խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Այս մասին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստի ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների եւ նյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ  գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ եւ իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաեւ Հայոց ցեղասպանության  մասին գիտական ուսումնասիրություններ: Կարեւորվել է  նաեւ գիտական խմբերի միջեւ համագործակցության խթանման նպատակով  համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:     

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց եւ ակնկալում է նաեւ ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:

«Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական եւ դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները եւ ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես «օպերացիոն», քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները եւ անցնի  այնպիսի ճանապարհ, որպեսզի որեւէ մեկի մտքով   անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը»,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաեւ ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները: