Ակտիվ ուկրաինացիները առավել հաճախ են իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտում սոցիալական ցանցերում: Տարբեր պլատֆորմների թեմատիկ խմբերում հաշվարկը ցույց է տվել, որ օրինակ ռուսական «Օդնոկլասնիկի» կայքում առավել շատ են Մայդանի դեմ հանդես եկողները, իսկ ահա Facebook-ում եւ «ՎԿոնտակտե» կայքում հակառակ պատկերն է: Ավելին, Facebook-ը մայդանի խոսափող են համարում:
Հիշեցնենք, որ լրագրող Մուստաֆա Նայեմի կողմից Facebook-ում հնչած կոչով է սկսվել Կիեւում Մայդանի առաջին ցույցը: Ըստ էության, Facebook-ը Եվրոմայդանի մեծ շտաբ-բնակարանն է: Այստեղ գումար են հավաքում տուժած ցուցարարների համար, ավտոմայդան է կազմակերպվում, իսկ շարժման առաջնորդները սեփական էջերն են բացում: Օրինակ, Facebook-ում ամենից շատ հետեւողներ ունի «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն (ավելի քան 60 հազար):
«ՎԿոնտակտե»-ում լսարանը բազմաշերտ է (ավելի քան 10 մլն ուկրաինացիներ), բայց այստեղ ավելի շատ են խմբերը, որոնք պաշտպանում են «բերկուտցիներին»:
«Օդնոկլասնիկի» կայքում հակամայդանցիների գերակշռությունը կայքի հիմնադիր Ալբերտ Պոպկովը բացատրում է նրանով, որ այստեղ ավելի տարիքով մարդիկ են: «Նրանք ավելի շատ մտածում են ցույցերի հետեւանքների մասին եւ գնահատում կայունությունը»,-ասել է նա:
«Facebook-ում առավելապես գրասենյակային աշխատողներ են, որոնք պատրաստ են փոփոխությունների, իսկ «Օդնոկլասնիկի»-ում տնտեսության իրական սեկտորի ներկայացուցիչներ են, որոնք նախընտրում են կայունությունը»,-ասել է PR մասնագետ Սերգեյ Դիդկովսկին:




























