Քաղբանտարկյալ, Հայաստանի լիարժեք անկախության գաղափարի ջատագով Շանթ Հարությունյանի որդուն` անչափահաս Շահեն Հարությունյանին իր հայացքների համար ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանի կողմից վիրավորանք հասցնելու, հալածանքի եւ ծեծի ենթարկելու փաստերի վերաբերյալ մամուլում ու սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը խիստ մտահոգիչ է ինչպես քրեաիրավական, այնպես էլ ազգային արժանապատվության առումներով:
Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Առայժմ ձեռնպահ մնալով երեւույթի քրեաիրավական կողմը դիտարկելուց, Նախախորհրդարանի քարտուղարությունն իր խորը վրդովմունքն է հայտնում դպրոցում, այն էլ` սպայական կոչում ունեցող ռազմագիտության ուսուցչի կողմից Հայաստանի անկախության եւ Արցախյան ազատամարտի վերաբերյալ մերժողական, ազգային արժանապատվությունը վիրավորող տեսակետների տարածման առթիվ:
«Նախախորհրդարանի» քարտուղարությունը համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջում է պարզել դեպքի մանրամասները եւ վերը նշված փաստերը հաստատվելու պարագայում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապազգային, անմարդկային ու հակամանկավարժական վարք դրսեւորած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ` Նախախորհրդարանը հետամուտ է լինելու նշված դեպքի հանգամանքների պարզման գործին եւ անհրաժեշտության դեպքում այդ նպատակով իրականացնելու է հասարակական հետաքննություն»:




























