Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանի համար անսպասելի էր Իսրայել Սարգսյանի՝ Թեւոսիկի եղբոր սպանության գործում ներգրավված լինելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում Գոռ Վարդանյանը անդրադարձել է ինչպես Իսրայել Սարգսյանին, նրա՝ ֆեդերացիայում աշխատելու տարիներին, այնպես էլ ֆեդերացիայից առգրավված մեծ քանակությամբ զենք-զինամթերքին:
Կցանկանայի անդրադառնայիք ձեր աշխատակից Իսրայել Սարգսյանի հետ կապված միջադեպին:
Առաջին հերթին ես չեմ ուզում, որ ամեն մի հոդված սկսում են իմ անունով կամ «Դուքենդո» ֆեդերացիայով, դա անընդունելի է: Երկրորդ, Իսրայել Սարգսյանը մեր ֆեդերացիայի անդամներից է եղել, ղեկավարել է ֆեդերացիայի անվտանգության բաժիններից մեկը, դեկտեմբերի 30-ին իր լիազորությունները դադարեցվել են, որովհետեւ բավական դպրոցներ փակվեցին, դրանից ելնելով՝ մոտ 100 հոգի աշխատանքը կորցրեց, Իսոն այդ մարդկանց մեջ էր: Հունվարի 1-ից նա պարզապես անդամ է եղել ֆեդերացիայում:
Իսկ դուք նրան ճանաչո՞ւմ էիք, ի՞նչ շփումների մեջ էիք, նաեւ ձեր ֆիլմերում է նկարվել չէ՞:
Ինքը իմ գործընկերն է եղել, ճանաչել ենք իրեն, մարզիկ է եղել, մարզվել է մեզ մոտ, 100 անդամներ կան նման կարգի: Այո, «Վրիժառու» կինոյի մեջ մի փոքր դրվագում նկարվել է:
Ֆեդերացիայից մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել, դրանք ֆիլմերում օգտագործվելու համար էին, արդյոք օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ եւ ինչո՞ւ չէին հանձնվել:
Ես ինքս ոստիկանության եւ ազգային անվտանգության սպա եմ, կողմ եմ ոստիկանությանը եւ հանցագործության դեմ պայքարին, հանցագործը, դա կլինի ֆեդերացիայի անդամ, պաշտոնյա, թե հասարակ մարդ, պարտադիր պետք է պատժվի օրենքի խստությամբ: Իմ անունը մի կապեք նման մարդկանց գործունեության հետ: Ես ինքս հանցագործության դեմ պայքարող եմ, եթե ապացուցվի, որ նա նման բան է արել, խստագույսն կպատժվի: Այդ նույն զենք, զինամթերքը պիրոտեխնիկական զենք-զինամթերք են, ոչ մի վտանգավոր բան չէին ներկայացնում, մենք օգտագործել ենք կինոների նկարահանման համար: 2000թ մենք այդ զենք, զինամթերքը օրինական ձեւի ստանում էինք պաշտպանության նախարարությունից, օգտագործում էինք մասնագետների հետ եւ հետ էինք վերադարձնում: Այնպես չէ, որ եկել են, հայտնաբերել են, մի քիչ ծիծաղելի է այդ ամենը, այդտեղ ոչ մի զենք չի եղել, օրինակ՝ ատրճանակ եւ այլն, պիրոտեխնիկական կինոյի զենք, զինամթերք էր եղել, որը պատրաստվում էինք օգտագործել նոր՝ «Օլիգարխ» ֆիլմում: Մենք հասկանում ենք, որ սա ֆեդերացիա է, եւ ինչպե՞ս կարող է մեր մոտ նման նման զենք լինել, տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ամեն ինչ անում են, որ մեր անվան վրա սեւ գիծ թողնեն, չեմ հասկանում՝ պատճառը որն է, որովհետեւ այս տարիների ընթացքում իմ աշխատանքով աչքի եմ ընկել որպես դրական կերպար եւ երեխաների զանգված հետեւում էր ինձ եւ ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերել դրան: Ավելի լավ կլինի գնան փնտրեն իրական հանցագործներին, ովքեր իրականում զենք, զինամթերք են թաքցնում իրենց մոտ, ոչ թե մեր ֆեդերացիայում օրինական զենքեր գտնեն:
Հայտնաբերված զենքերը ինչո՞ւ չէիք հանձնել:
Ֆիլմը նոր պիտի նկարահանեինք, աշխատանքներ էին տարվում ֆիլմի նկարահանումները սկսելու համար: Այդ զինամթերքը հենց այնպես չի կարող տրաքել, պիրոտեխնիկները գալիս են, իրենք են օգտագործում, դա բավականին երկար պրոցես է:
Հնարավո՞ր է այս դեպքերի հետ կապված Հայաստան գաք:
Ես այսօր Ամերիկայից ճանապարհ եմ դրել Հայաստանի հավաքականին, ովքեր այստեղ մրցումների էին մասնակցում, մեծ հաջողություններ ունեցած: Այժմ ԱՄՆ-ում մի ֆիլմի աշխատանքներն եմ վերջացնում, հավանաբար մոտ ժամանակներս կգամ, հնարավոր է ամեն օր էլ գամ:
Ի՞նչ գիտեք Իսրայել Սարգսյանի մասին:
Նա ամուսնացած է, ունի երկու աղջիկ, հայր, մայր:
Իսկ նրան աշխատանքի ընդունելիս գիտեի՞ք իր քրեական անցյալի մասին:
Ցանկացած կազմակերպության մեջ էլ կան մարդիկ, ովքեր հանցագործություն են անում, չի կարելի կազմակերպությունը չափել այդ կազմակերպության մեջ գտնվող մի մարդու արարքով: Իմ այսքան տարիների աշխատանքը, որ ամեն ինչ անում ենք, պետք է բարձր պահենք մեր երկրի, նախագահի անունը, հիմա այսպես դնում են եւ լուսաբանում են, ես ուղղակի չգիտեմ, թե ինչ ասեմ: Եթե կապացուցվի, որ նա իրոք հանցագործություն է արել, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, եթե մարդը պարզվի, որ հանցագործ է, ընկերները կամ կոլեգաները ի՞նչ կապ ունեն այդտեղ:
Դուք գիտեի՞ք, որ ինքը նախկինոuմ դատված է եղել, պատիժ է կրել, ազատ արձակվել, կապ է ունեցել քրեական հեղինակությունների հետ:
Եթե ասեմ, որ տեղյակ չեմ եղել, սուտ կլինի, այո, ես տեղյակ եմ եղել եւ բավական զրույցներ եմ ունեցել Իսոյի հետ, իր խնդրանքն է եղել, որ ժամանակին սխալ ուղղություն է վերցրել իր կյանքում եւ խնդրել է ինձ որպես մարզիկ իրեն օգնել ճիշտ ուղղության վրա կանգնի եւ կյանքը դասավորի: Դա է եղել պատճառը, որ հնարավորություն ենք տվել նրան միանալու մեզ, մարզվի, աշխատի, վերցնի կյանքից դրականը, մենք փորձել ենք նրան օգնել, այս ժամանակի ընթացքում ինքը միշտ դրականորեն է աչքի ընկել, չգիտեմ՝ այս պահի դրությամբ ինձ համար էլ էր անսպասելի: Եթե դա ոստիկանության տարածածն է, կարծում եմ՝ ինքը հիմքեր կունենա, եթե հիմքեր կունենա, ապա հանցագործը պետք է պատժվի: Իմ գործը մանկավարժությունն է, խնդիրը՝ մարդկանց ճիշտ ուղղության վրա դնելը, նրանք, ովքեր սխալվել են, փորձել նրանց ուղղորդել, ճիշտ ճանապարհին դնել, իսկ ո՞վ պետք է այդ մարդկանց ուղղություն տա: Չէի ցանկանա նման բան լսել, բայց կա հանցագործություն եւ պատիժ, ես չեմ քաջալերում ոչ մի հանցագործություն, ով գնում է դրան, պետք է պատժվի: Ես սիրում եմ ոստիկաններին, ինքս էլ հոգով ոստիկան եմ, բայց սխալ եմ համարում մարդկանց անունը վարկաբեկելը, եղեք արդար ոստիկան եւ պատժեք հանցագործներին, չի կարելի ճիշտ մարդկանց անվան վրա ցեխ շպրտել:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























