Տավուշի մարզի Կողբ գյուղում փետրվարի 4-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հայր եւ որդի Աշոտ եւ Գարիկ Բարսեղյաններին դանակահարած 32-ամյա Արթուր Հովհաննիսյանին ազատ են արձակել. Բարսեղյանները չեն բողոքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը:
«Խանութում էի, լսեցի՝ ոնց ա Արթուրը հայհոյելով գնում տուն, զանգեցի՝ զգուշացրի, որ չհայհոյի, անհարմար է: Ինքն էլ կուխնյայից դանակը վերցրեց ու եկավ խանութ: Հենց դռան մոտ ա կռիվը եղել»,- ասաց նա:
Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ Արթուրի հետ նախկինում խնդիրներ չեն ունեցել. «Անձնական ու գործնական ոչինչ չունենք իրար հետ: Ուղղակի երեկ խմած էր ու էդպես վիճեցինք ու մեզ դանակահարեց»:
Բարսեղյաններն այժմ ամբուլատոր բուժում են ստանում տանը, չնայած ստացած վերքերը խորն են: Աշոտ Բարսեղյանը դեռ ոստիկանություն հաղորդում չի տվել. «Որ հիվանդանոց տարան, միլիցաներն էդպես իմացան ու եկան, թե չէ մենք չէինք դիմել: Հիմա էլ չգիտենք՝ կբողոքենք, թե չէ: Առավոտից էդ տղան մեր գյուղում ման ա գալիս»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Կողբ գյուղում փետրվարի 4-ին 31-ամյա Արթուր Հովհաննիսյանը «Մուլտիկ» մականունով դանակահարել էր հայր եւ որդի Աշոտ եւ Գարիկ Բարսեղյաններին: 60-ամյա Աշոտ Բարսեղյանը ստացել էր գլխի ճակատային մասի վիրավորում, իսկ 32-ամյա Գարիկ Բարսեղյանը՝ ձախ նախաբազկի վնասվածք: Նրանց տեղափոխել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել էր:




























