Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ իր թեկնածությունը դնելու է երկրի նախագահական ընտրություններում:
Ըստ նրա՝ ինքն այլընտրանք չունի եւ պետք է բավարարի Եգիպտոսի ժողովրդի պահանջը ու իր թեկնածությունն առաջադրի ընտրություններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի թեկնածությունը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել էր Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը: Երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրը աս Սիսիին մարշալի կոչում շնորհելու հրաման էր ստորագրել:
Նշենք, որ աս Սիսին մեծ ժողովրդականություն է վայելում Եգիպտոսում իսլամիստ նախագահ Մուրսիի դեմ հունիսի 30-ին զանգվածային ցույցերին բանակի աջակցությունից հետո: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը կախված է ժողովրդի եւ բանակի կամքից:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանականից առաջ՝ ապրիլի 19-ին:




























