Միասնական քննչական կոմիտենմինչ նոր շենք տեղափոխվելը նստելու է Ոստիկանության քննչականի շենքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հանձնաժողովից:
«Միասնական քննչական կոմիտեն դեռ չկա, շենքի վերաբերյալ նախնական տարբերակներ կան, այժմ քննարկումներ են ընթանում: Առայժմ կոմիտեն կնստի ոստիկանության քննչական շենքում, քանի որ ինչ շենքն էլ որ ընտրվի, այնտեղ լրացուցիչ վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է լինելու»,-հայտնեցին հանձնաժողովից:
Ինչ վերաբերում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում օրինագծի քննարկման վերաբերյալ առաջացած խոչընդոտներին, հանձնաժողովից հայտնեցին, որ անմտություն է փնտրել ենթատեքստ մի տեղ, որտեղ այն գոյություն չունի: «ԱԺ նստաշրջանին զուգահեռ չեն կարող հանձնաժողովի նիստեր գումարել: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ սահմանված ժամկետներում կկազմակերպվի քննարկումը»,- հայտնեցին հանձնաժողովից:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից՝ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից փորձել են ճշտել՝ ե՞րբ է Աժ-ում քննարկվելու քննչական ընդհանուր մարմնի մասին օրենքի նախագիծը, որի վրա տեւական ժամանակ աշխատում է Աղվան Հովսեփյանի գլխավորած հանձնաժողովը, եւ որն արդեն ուղարկվել է Աժ։ «Մինչեւ ամսվա վերջ կքննարկվի»,– ասել է Ռ. Հովսեփյանը։ Իսկ ճի՞շտ է, որ քննչական այդ մարմնին արդեն շենք են հատկացրել Օրբելու վրա։ «Անկեղծ ասած՝ չգիտեմ»,- ասել է նա։
Թերթի տեղեկություններով՝ տարածքն արդեն հատկացված է, բայց քանի որ օրենքը չի հաստատվել այդ առնչությամբ եւս որոշակիություն չի մտցվում։ «Ի դեպ, պնդում կար, որ քնչական ընդհանուր մարմնի մասին օրինագիծն այս շաբաթ պետք է մտներ օրակարգ, անցներ առաջին, ապա երկրորդ ընթերցում, որպեսզի վերջապես Աղվան Հովսեփյանը հաստատվեր իր պաշտոնում, սակայն օրինագիծն այդպես էլ օրակարգում չհայտնվեց։
Բանն այն է, որ նախագիծը պետք է անցնի Դավիթ Հարությունյանի՝ իրավական հարցերի հանձնաժողովով, ասել է թե՝ Աղվան Գառնիկիչի երբեմնի ախոյանի «թրի տակով», իսկ հանձնաժողովի ինտելեկտուալ նախագահը բացարձակապես չի շտապում «կյանքի» իրավունք տալ Գառնիկիչի հոգեզավակ քննչական մարմնին»,– գրել է թերթը։




























