Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոյին (Իսրայել Սարգսյան) այսօր՝ փետրվարի 7-ին, կկալանավորեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այսօր նրան 2 ամիս ժամկետով կալանավորելու հարցով դիմելու է դատարան: Ի դեպ, մինչ օրս Իսրայել Սարգսյանը որեւէ ցուցմունք չի տվել, հրաժարվում է մասնակցել որեւէ գործողության եւ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալվել է Իսրայել Սարգսյանը, ով այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: «Դուքենդո» ֆեդերացիայից մեծ քանակությամբ զինամթերք է առգրավվել, որը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:



























