Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հիվանդի որդու՝ Ծառուկյանի կողմից «Շտապօգնության» բժշկին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այն մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին «Շտապօգնության» բժշկի նկատմամբ Երեւանի տարբեր թաղամասերում վայրագության դեպքեր էին գրանցվել: Եթե առաջինի դեպքում քրեական գործ է հարուցվել եւ այն կարճվել, ապա երկրորդի դեպքում, երբ բժիշկը ստացել էր ուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդ, ճակատային շրջանում էլ ուներ պատռվածքներ, տեղադրել էին երեք կար, նույնիսկ գործ չի հարուցվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:52-ին, Դավիթաշեն 5 փող. 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահանում է: Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: