«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեի մահվան առթիվ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի՝ քրեական գործ կհարուցվի, թե նյութրեի նախապատրաստմամբ կմերժվի:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 2-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ է ստացել, որ 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չեն իմանում նրա գտնվելու վայրը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի երիտասարդ տնօրենի դին: Մայրուղու վրա հայտնաբերվել է կոմերցիոն տնօրենի «Հունդայի» մակնիշի մեքենան: Մեր աղբյուրները հայտնել էին, որ Արչիլ Մաղրաձեն գնացել էր Ծաղկաձոր՝ սնոուբորդով սահելու, սակայն ընթացքում մոլորվել է, իջել ձորի մեջ՝ «Թթու ջուր» կոչվող տարածք: «Ոտքով ձյան մեջ քայլելով փորձել է բարձրանալ վերեւ, բայց չի կարողացել գնալ, ուժասպառ է եղել, ընկել եւ սառել»,- հայտնել էր մեր աղբյուրը: Այդ գիշեր Ծաղկաձորում -32 աստիճան է եղել, նրան հայտնաբերել են ձյան մեջ թաղված:



























