«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը վերջին դատական նիստից հետո դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով որդուն տեղափոխել հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամի մայրը՝ Կարինե Ամոյանը:

«Երկու տարի յոթ ամիս անմեղ տեղը նստել ա, ո՞նց կարող ա հոգեկանը չխանգարվի: Երեխուս վիճակը լավ չի, բացարձակ լավ չի»,- ասաց տիկին Կարինեն:

Նշենք, որ հունվարի 15-ին կայացած դատական հերթական նիստի ժամանակ Քյարամ Ամոյանն ուշաթափվել էր, շտապօգնություն էին կանչել: Տիկին Կարինեի խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներին ավելացել է նաեւ հոգեկան շեղումները. «Անկապ բաներ ա խոսում, ասում ա երեխեքս ուր են:

Հոգեկանը 100 տոկոսով խանգարվել ա, նույնիսկ փաստաբանին չի ճանաչում:

Մեզ էլ մեկ ճանաչում ա, մեկ չի ճանաչում»:

«Դատապարտյալների հիվանդանոցի» պայմաններից տիկին Կարինեն չի դժգոհում, սակայն համոզված է, որ որդուն ավելի լավ կբուժեն հոգեբուժարանում: Նշենք, որ դրանից առաջ նա դիմել էր Գլխավոր դատախազին՝ խնդրելով որդուն տեղափոխել քաղաքային հիվանդանոց:

Տիկին Կարինեն ու Քյարամի փաստաբանը պատրաստվում են դիմել Եվրոդատարան. «Պատրաստվում ենք Եվրոդատարան տանք, ինչքա՞ն կարելի ա էդքան տանջվենք: Իմ անմեղ երեխան էլ ա տանջվում, իսկ ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ով ա մեղավոր: Վերեւի հրաման ա, դրա համար էլ ոչ մեկը չի օգնում»:

Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 12-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: