«Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին եւ միջազգային կառույցներին ջանք չխնայել 2014թ. հունվարի 2-ից Իզմիր քաղաքի բանտում գտնվող ծագումով հայ լրագրող, մտավորական Սեւան Նիշանյանի նկատմամբ գործվող անօրինականությանը վերջ տալու համար։

Չախալյանն այսօր՝ փետրվարի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ. «Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում եւ նամանավանդ մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները։ Սակայն Սեւանի պարագային դա ավելի ցինիկ է ու պարսավելի՝ նկատի ունենալով, որ թուրքական իրավական համակարգը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` 42 քառակուսի մետր անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով։ Եւ սա այն պայմաններում, երբ նույն պետության, Թուրքիայի Հանրապետությանը պատկանող խոշորագույն ընկերությունները Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում իրականացնում են բազմաթիվ անօրինական մեծածավալ շինարարական նախագծեր որոնցից մասնավորապես Կարս–Ախալքալաք երկաթգիծը, ՀԵԿ–ը եւ այլն։

Ընթացող տարբեր դատական գործերի առկայությամբ՝ թուրքագահ մտավորական գործչին տակավին սպառնում է եւս մինչեւ 50 տարի բանտարկություն»:

Ջավախքահայ գործիչը կարծում է, որ Սեւան Նիշանյանին իրականում ազատազրկել են այն պատճառով, որ Թուրքիայի չգրված օրենքներով հայ մտավորականին չի թույլատրվում ունենալ սեփական ազատ մտածողություն, նամանավանդ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին։

«Խոսքի ազատության իրավունքը եւ ժողովրդավարական այլ արժեքները մեր տարածաշրջանի ժողովուրդների միջեւ խաղաղ համակեցության մեծագույն երաշխիքներն են։ Թույլ չտանք, որ անպատասխանատու ազգայնամոլ շրջանակներ խախտեն այդ նվիրական հավասարակշռությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը նախկինում նույնպես կալանավորված է եղել: Նա ձերբակալվել էր 2008-ի հուլիսի 21-ին եւ մեղադրվել զենք-զինամթերք պահելու, հասարակական կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ խմբակային դիմադրություն ցուցաբերել համար: 2009-ի ապրիլին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Սահակաշվիլին նրան ազատ արձակելու որոշման պատասխանատվությունը դրել էր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա, իսկ Չախալյանին անվանել «Վրաստանի ներքին թշնամի» եւ «ռուսական հատուկ ծառայությունների գործակալ»: