Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը հերքում է ֆեդերացիայի տարածքը՝  2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին եղել է «զորանոց» լինելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոռ Վարդանյանը:

Նա պարզաբանեց, որ այդ օրերին, երբ ժողովուրդը եւ ոստիկանությունը եղել է փողոցում, ինքը եղել է իր օֆիսում: «Ես եղել եմ իմ օֆիսում, իմ բոլոր մարզիկներին հավաքել եմ իմ մոտ, որպեսզի չթողնեմ հանկարծ փողոց դուրս գան, որ ոչ մի ազդեցության տակ չընկնեմ, մարզիկներն են եղել իմ մոտ՝ օֆիսում նստած, այդտեղ ոչ մի բան չի եղել, ի՞նչ զորանոցի մասին է խոսքը, ի՞նչ անհեթեթություններ են հորինում, կա՞ մի փաստ, ֆոտո, վիդեո կամ ինչ-որ մեկը, ով կփաստի նման բաներ, մենակ խոսելով չի՞, մենք հասուն, քաղաքակիրթ մարդիկ ենք, չի կարելի այդքան անհեթեթություն տարածել, չեմ հասկանում ինչի՞ են իմ անունը այդքան շոշափում»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է այստեղ ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկի տեղակայմանը, նա այսպես արձագանքեց. «Նախ առաջին հերթին Գրիշա Սարկիսով չի, Գրիշա Զավենի Սարկիսյան է: Երկրորդ, եթե այդպիսի բան լիներ, իմ կարծիքով՝ հնարավոր չէր փոքր երկրում դա թաքցնել այդքան տարիների ընթացքում, չի եղել այդպիսի բան»: Նա նաեւ տեղեկացրեց, որ ֆեդերացիայում հայտնաբերված զինամթերքի հետ կապված ոչ մեկին չեն կանչել հարցաքննության կամ այլ քննչական գործողության

Հետապնդո՞ւմ է այս ամենը իր նկատմամբ, թե՞ ոչ, գուցե այս ամենը կապված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին իր արտահայտած դրական կարծիքի հետ, թե ոչ, ֆեդերացիայի նախագահը չի ցանկանում գնահատական տալ:

Նշենք, որ որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ««Դուքենդո» արեւելյան մարտարվեստի ֆեդերացիայի շենքից հայտնաբերված զենքերը ոստիկանությունում ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, թե ում են պատկանում դրանք։

Ու թեեւ ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն ասել էր, թե հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել  ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով, սակայն չի բացառվում, որ այդ զենքերով հանցագործություններ եւս կատարված լինեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում է նաեւ այդ խնդիրը։ Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ՝ այդ նույն տարածքը 2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին եղել է «զորանոց»։

«Հենց այստեղ է տեղակայվել ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկը։ Ջոկատ, որը կազմավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարկիսովը»,- գրել է թերթը։