«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը («Շերիֆը») դեռ լիովին չի ապաքինվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ մի քիչ մրսած է, առողջական խնդիրներ ուներ, գտնվում էր հիվանդանոցում, հիմա արդեն տանն է: «Մրսած եմ, մրսած, բայց հիմա արդեն տունն եմ»,- ասաց պատգամավորը:
Առողջական խնդիրների պատճառով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարված Գրիգոր Գրիգորյանը վստահեցրեց, որ մանդատից չի հրաժարվելու: «Սեզոնային վիրուս է, լուրջ բան չկա, մյուս քառօրյային կլինեմ, մանդատից չեմ հրաժարվելու»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում աչքի ընկած ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, հնարավոր է առաջիկայում հրաժարվի մանդատից։
«Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Եթե երեք օրվա ընթացքում նա հետ չվերցնի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված։ Գրիգորյանին սույն հանձնաժողովում փոխարինելու է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը»,-գրել է թերթը։


























