Հայաստանը Ռուսաստանի համար բավական լուրջ ռազմական հենակետ է դառնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանին որոշակի ժամանակ պետք կլինի, որպեսզի երկիրը կարողանա կարգավորել այն կանոնները, որոնցով պետք է խաղա Մաքսային միությունում: «Որպես դրա արդյունք կանխատեսվում է, որ Հայաստանում որոշակի տնտեսական անկում կգրանցվի, մինչեւ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կողմնորոշվել նոր պայմաններում»,-ասել է Ադիբեկյանը:

Սոցիոլոգի համոզմամբ՝ երկրորդ կարեւոր հանգամանքը Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդումն է: «Ոչ ոք չգիտի՝ որքան միավոր ռուսական ռազմական ուժ կա Հայաստանում, բայց պարզ է, որ պատերազմ սկսելու դեպքում՝ Հայաստանը թիրախ կդառնա, կկրակեն Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի որեւէ սուբյեկտի վրա»,-ընդգծել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am