Սոչիում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը փետրվարի 7-ին էր, որը համաշխարհային լրատվամիջոցների կողմից ամենաքննարկելի թեման է: Բացման արարողությունը թեեւ ոմանց կողմից անվանվեց  աննախադեպ շոու Ռուսաստանի պատմության մասին, խստորեն քննադատվեց համաշխարհային պարբերականների կողմից:

Ընդհանուր առմամբ, նշվում է, որ շոուի կազմակերպիչները որոշել էին շեշտը դնել պատմության վրա, ինչով հարուստ է Ռուսաստանը՝ դասական երաժշտություն, բալետ, տիեզերագնացություն: Սակայն ոմանք դրանում տեսնում են միայն Պուտինի ամբիցիաները, ինչպես գրում է Washington Post-ը՝ «ստալինյան դարաշրջանի՝ Պուտինի կողմից հաստատված կարոտախտ»:

Ոմանք արարողության մեջ «մեսիջ» տեսնում՝ համաշխարհային ասպարեզ Ռուսաստանի վերադարձի մասին:

«Յոթ տարի մոտենալով այս պահին (բացման արարողությունը համարվում է ամենաթանկը օլիմպիական խաղերի պատմության մեջ), շքեղ բացման արարողության հաղորդագրությունը հետեւյալն էր. Ռուսաստանը մեծ թափով է վերադարձել»,- գրում է New York Times-ը:

Սակայն ոչ բոլորն են այդչափ կտրուկ: «Իրականում, ողջ արարողությունը ազգայնական մղում չուներ, ինչպես ներկայացվում են Ռուսաստանի պատմական էքսկուրսները: Միակ առաջնորդը, ում ներկայացրեցին արարողության ընթացքում, Պետրոս Մեծն էր, շատ չէին անդրադարձել Մեծ Հայրենական պատերազմին, որը Պուտինի օրոք դարձել էր ազգային միավորման գաղափար: Սա ռուսական պատմության էսթետիկ պատկերում էր, այլ ոչ թե գաղափարական»,- գրում է բրիտանական Guardian-ը:

Իսկական սկանդալի են վերածվել օլիմպիական օղակները, որոնցից մեկը արարողության ընթացքում չի վառվել։ Daily Mail-ը գրել է, որ օլիմպիական օղակներից մեկը այդպես էլ ձյունիկի չի վերածվել, սակայն «Ռոսիա 1» հեռուստաալիքը շտապ միացրել է ձայնագրությունը, որտեղ հինգ օղակն էլ վառվում էին։

Քննադատել են նաեւ ջահակիրներին, որոնք վառել են օլիմպիական կրակը։

New York Daily News-ը հիշեցրել է Օբամայի եւ նրա կին Միշելի «ռասիստական լուսանկարի» մասին, որը Twitter-ում տեղադրել էր Իրինա Ռոդնինան։

Ամերիկյան մամուլը նաեւ անդրադարձել է իր մարզիկների Ralph Lauren հագուստներին, որոնք քննատատության էին արժանացել սոցցանցերի օգտատերերի կողմից։ Washington Post-ը գրում է, որ շատերը դրանք անվանել են սուրբծննդյան անդուր սվիտերներ։ Հեղինակը հարց է տալիս. ինչու կրկին գերհայրենասիրական հագուստ կրել՝ ամերիկյան դրոշի նման գծավոր եւ աստղիկներով։

Անկասկած, Օլիմպիական խաղերը տարվա ամենաքննարկվող թեման են, բայց հարկ է խոստովանել, որ լրատվամիջոցները առավել մեծ ուշադրություն են հատկացնում Պուտինին. նրա ամբիցիաներին, հաջողություններին ու ձախողումներին։ Ավելի շատ, քան խաղերի բուն հերոս մարզիկներին։