Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային ներգաղթյալները ստիպված են լինում մրցակցել այլ երկրների ներգաղթյալների հետ: Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում արտագաղթին եւ Հայաստանին նվիրված քննարկման ժամանակ:
«Այն, որ Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, չի նշանակում, որ դրա ձեռնարկատերերն առաջին հերթին վարձելու են հայ աշխատողների», - հայտարարել է Եգանյանը: Նա նշել է, որ Ռուսաստանում աշխատանքային միգրացիան հիմնականում տեսակավորված է. թուրքերը լավ դիրքեր ունեն շինարարության հատվածում, ֆիլիպինցիները՝ հյուրանոցային: Ընդ որում, այդ երկրներում միգրանտները նախապատրաստություն են անցնում մինչ Ռուսաստան մեկնելը:
«Եթե խոսենք հեռանկարային այլ աշխատաշուկայի՝ ԱՄԷ-ի եւ Քուվեյթի մասին, ապա այստեղ բազմաթիվ սեզոնային աշխատողներ կան Պակիստանից եւ Հնդկաստանից, որոնք հայերի նման շինարարությսմբ են զբաղված, սակայն առաջին հերթին պատրաստ են աշխատել ավելի քիչ վճարով, իսկ երկրորդ՝ հաճախ են լեզվի խնդիրներ ունենում», – հայտարարել է Եգանյանը:




























