Ներկայումս դպրոցներում շատ ավելի մարդ է աշխատում, քան դրույքների թիվն է, իսկ ընթացող կրճատումների հիմնական մասը վերաբերում է վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ ընդգծել է.
«Վերջինիս հետ կապված եւս մի ուշագրավ տվյալ հրապարակեմ: 2013 թվականի դրությամբ պետական բյուջեով նախատեսված եւ ֆինանսավորվող 9 983 դրույքների վրա ձեւակերպված էր եւ աշխատում էր մոտ 18 100 հոգի (!!!), այսինք գրեթե երկու անգամ ավել:
2014 թվականին այս անձնակազմի համար պետական բյուջեն լրացուցիչ 3 000 հաստիք ավելացրեց, ինչի արդյունքում ստացվում է հետեւյալը` 18 100-12 747= 5 .353 դրույք, որոնք ենթակա են կրճատման:
Պարտավոր եմ նաեւ նշել, որ այս թվի մեջ մտած են ինչպես իրականում աշխատող մարդիկ, այնպես էլ , ըստ մամուլի, բազմաթիվ "մեռյալ հոգիներ", որոնք եղել են ընդամենը ձեւակերպված:
Ավելացնեմ նաեւ վարչական անձնակազմի եւ հաշվապահների հարցը, որոնց ծանրաբեռնվածությունը շատ փոքր դպրոցներում, մեղմ ասած, մեծ չէ: Ու նման դպրոցներում երկու կամ ավել փոխտնօրեն կամ լրիվ դրույքով հաշվապահ պահելու կարիք եւ հնարավորություն չկա:
Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում:
Ճիշտ չէր այդքան արհեստականորեն փքել եւ մեծացնել հանրակրթական համակարգում աշխատողների թիվը` խորը խզում եւ անհամապատասխանություն առաջացնելով իրականության եւ ֆինանսավորման ծավալների միջեւ:
Գրառումս ցանկանում եմ եզրափակել, ընդգծելով հետեւյալը:
Այն տեղերում, որտեղ ընթանում են կրճատումներ, այդ գործընթացը պետք է լինի հնարավորինս հիմնված արդարության եւ մասնագիտական կարողությունների ու որակների վրա:
Ինչպես համոզվեցիք այս ընթացքում, որոշակի կրճատումներ արդարացված են: Բայց դրանք պետք է լինեն նաեւ ԱՐԴԱՐ»:




























