Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում կատարված վերջին փոփոխությունների, նախկինների աշխատանքի, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու վերջին միջադեպի մասին NEWS.am-ը զրուցել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Նադարյանի հետ:

Պարոն Նադարյան, ինչի՞ց է, որ իրավապահ համակարգի ղեկավարներն չեն դիմանում Շիրակում, հաճախակի են փոխվում,  այդտեղ նույնիսկ մարզպետներն են ուժային կառույցներից:

Տարիներով աշխատելը իր դրական եւ բացասական հետեւանքները ունի, նախորդ ոստիկանապետը երկու տարի աշխատել է, դա բավականին լուրջ ժամկետ է: Ես կաշխատեմ այնքան, ինչքան կկարողանամ պիտանի լինել հասարակությանը եւ համակարգին:

Շիրակի մարզային ոստիկանությունում վերջին փոփոխությունները կապվա՞ծ չէին Վարդան Ղուկասյանի որդու վերջին միջադեպի հետ:

Փոփոխությունները, ինչպես շեշտեց ոստիկանապետը, կապված են համակարգի բարեփոխումների հետ, որ մարզում որտեղ որ նախարարը տեսնում է որոշակի իներտություն, պասիվություն, երեւույթների զարգացում, որին չի համապատասխանում ոստիկանության զարգացման պրոցեսը եւ կանխարգելումը, այդտեղ որոշում է կադրային փոփոխություններ անել, որը իր գործառույթներն են՝ ակնկալելով, որ նոր լիցք, զարկ կտա այդ ամենին: Հիմնականում այստեղ խնդիրը ժողովրդի կողմից որոշակի անվստահության, հուսախաբության հետ էր կապված, բայց մենք միշտ ձեռքներս պուլսին ենք պահում, ոստիկանապետն էլ ճկուն քաղաքականություն է տանում:

Նախկին ոստիկանապետերից մեկը, խոսելով Շիրակի ֆենոմենի մասին, ասում էր, որ երբ դեպք է լինում, ոչ թե կատարողն է խուսափում իրավապահներից, այլ տուժողը:

Նման երեւույթներ եղել են, դա երեւի պայմանավորված է ոստիկանության ոչ պատշաճ աշխատանքով եւ դեռ հասարակության վստահությանը չարժանանալով: Ոստիկանապետը, կարեորելով այդ պահերը, շեշտել է , որ մաքսիմալ վստահության արժանանալու դեպքում կարող են ակնկալել արդյունք, բա՞ ժողովրդի հետ չաշխատենք, մեզ չվստահի, չահազանգի, չմասնկացի բացահայտմանը, ո՞ւմ է պետք մեր աշխատանքը:

Դժգո՞հ եք նախկին ոստիկանապետի՝  Կարեն Բաբակեխյանի աշխատանքից:

Բացարձակապես, ես չեմ կարող դժգոհություն հայտնել, որովհետեւ բավականին դրական բաներ կան, բացահայտումների տոկոսի բարձրացում կա, հանցագործությունների նվազում կա,  ո՞նց կարող եմ դժգոհ լինել, բայց ես իմ տեսլականը ունեմ այդ ամեն ինչի ձեւակերպման եւ կիրառման:

Հիմա Շիրակի ամենալավ ոստիկանապետը ո՞ւմ եք համարում կամ գուցե դո՞ւք եք հավակնում դառնալ:

Իհարկե, յուրաքանչյուր նորանշանակ ոտսիկանապետ հավակնում է եւ ձգտում է իր աշխատանքով լինել ամենալավը՝ մաքսիմալ պիտանի, տիրապետող, բացահայտող, հարգանքի արժանացող ժողովրդի կողմից, մեր աշխատանքը շատ սերտ կապված է ժողովրդի հետ, եթե վստահեցին, առաջնահերթ կդիմեն մեզ, ոչ թե ինչ-որ կիսագողական մոտեցումներ կցուցաբերեն: Շատ կուզենայի դառնալ այն մարդը, որին ժողովուրդը կվստահի, որը ճիշտ կադրային քաղաքականություն կվարի եւ կբացահայտի, իսկ առաջնահերթ կկանխի հանցագործությունները:

Ըստ ձեզ՝ Շիրակի մարզը ինչո՞վ է առանձնանում մյուս մարզերից, օրինակ՝ կրիմինալ մթնոլորտով եւ այլն:

Շիրակը գրեթե ոչնչով չի տարբերվում մյուս մարզերում կատարվող հանցագործություններից, այն, ինչ մնացած տեղերում կատարվում է, այստեղ կարող է կատարվել եւ կատարվում է: Շիրակը տարբերվում է ժողովրդի պատվախնդրությամբ, նամուս, թասիբով, իրենց յուրահատկությամբ, արդարության ձգտումով, իսկ կրիմինալ աշխարհը բոլոր տեղերն էլ նույնն է: Կրիմինալ աշխարհի դեմ պայքարը ուղղակի ըստ մարզերի, մարդկանց մենթալիտետի, իրավապահ մարմինները հստակ պետք է պլանավորեն, հետեւողական բացահայտումներն անեն, առաջնահերթ կանխարգելիչ, անհատական միջոցառումներ անեն,  ժողովրդի հետ մարդավարի շփման հետեւանքով ինֆորմացիայի աղբյուր ավելացնեն եւ իրենք աշխատանքը ցույց տան: Թե չէ, եթե որպես այդպիսին տարբերություն դնենք, գողությունը Կոտայքում էլ է նույնը, Շիրակում:

-Շիրակում կրիմինալի դեմ ո՞նց եք պայքարելու, ի՞նչ եք անելու Վարդան Ղուկասյանի եւ նրա գերդաստանի հետ, ովքեր մշտապես հայտնվում են միջադեպերի կենտրոնում:

Էդ անունները մի տվեք, նրանց վերաբերյալ ինչ դեպք եղել է, բոլորով արձագանք եղել է,  մասնավորապես՝ վերջին դեպքով բավականին լուրջ արձագանք եղավ, նախաքննությունը արվում է, գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, իրավական գնահատականը կտրվի: Իսկ թե ոնց եմ պայքարելու կրիմինալի դեմ, իմ գործառույթները հստակ օրենքի սահմաններում կիրառելով՝ հետեւողական, անաչառ ձեւով աշխատելով, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով: Նոր հեծանիվներ չենք հորինում, հստակեցված են մեր պարտականությունները, ուղղակի կադրային նորմալ փոփոխություններ անելով, մարդկանց լծելով աշխատանքի, մաքսիմալ վստահության արժանանալով հասարակության կողմից,  պիտի պայքարենք:

Արդեն հանդիպե՞լ եք Վարդան Ղուկասյանի հետ կամ գուցե ինքն է փորձել հանդիպել ձեզ հետ:

Բացարձակ, ինչի՞ համար պետք է Վարդան Ղուկասյանի հետ հանդիպեմ, զրուցեմ,  ինքն էլ չի փորձել, նման բաներ չկա: Ղուկասյան Վարդանը ինձ համար նույն քաղաքացին է, ինչ որ Պողոսյան Պետրոսը կամ Պետրոսյան Պողոսը: Կհայտնվի մեր տեսադաշտում, օրենքին դեմ իրեն կդնի, օրենքի ամբողջ ուժը կիրառվի նրա կամ նրա նմանների նկատմամբ:  

Կարո՞ղ եք խոստանալ, որ Վարդան Ղուկասյանի կամ նրա ազգակիցների միջադեպերի կենտրոնում հայտնվելուն պես համարժեք քայլեր կձեռնարկվեն:

Այո, միանշանակ խոստանում եմ, խոստանում եմ ոստիկանության պետի անունից, ով բազմիցս ասել է եւ հետեւողական է եւ արել է, որ թե Վարդան Ղուկասյանը, թե Պողոս Պետրոսյանը որեւէ հանցագործության կատարման դեպքում միանշանակ հայտնվելու են օրենքի ամբողջ ուժի ներգործության տակ:

Իսկ ինչպե՞ս է լինելու համագործակցությունը մարզային, տեղական իշխանությունների հետ:

Ֆելիքս Ցոլակյանի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է՝  որպես մարզպետ.շատ պարկեշտ անձնավորություն, որին ընդունում է մարզի ազգաբնակչությունը:Հանդիպումներ եղել են, մեր խնդիրները ասել ենք, լսել ենք նրանց խնդիրները, համատեղ աշխատելու պլանավորումը ձեւավորված է, թե ոնց պիտի անենք՝ մաքսիմալ թափանցիկ, հասանելի եւ հետեւողական:

Ոստիկանապետը Գյումրիում ակնարկել էր, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը գողական է կամ վախկոտ, համաձա՞յն եք:

Ոստիկանապետը ակնարկել էր, Սամվել Բալասանյանն էլ հարցազրույցներում խոսեց այդ մասին: Ոստիկանապետը լրիվ ճշմարիտ հարցադրումներ էր արել, որովհետեւ  տվյալ գործով բացեր կային, որոնք պիտի օրենքի սահմաններում լուծվեին, աշխատանքներ տարվեր, նախաքննությունը կտա պատասխանը: Սամվել Բալասանյանի հետ էլ եմ հանդիպել մարզպետարանում, զրուցել ենք հոգսերի վերաբերյալ, կարծում եմ՝ շատ արդյունավետ աշխատանք է լինելու այստեղ:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը