Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի 28-ամյա բնակչուհի Անահիտ Մ.-ն մեղադրվում է նույնի գյուղի բնակիչ Սրապ Ք.-ին պատկանող շուրջ 70 տոննա խոտը դիտավորությամբ հրկիզելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին: Անահիտը երեկոյան իր մոտ գտնվող լուցկիով հրկիզելու եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է նույն գյուղի բնակիչ Սրապ Ք.-ին պատկանող շուրջ 70 տոննա խոտը՝ պատճառելով  մոտ 10 հազար դոլարի վնաս:

Անահիտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:

Գործը քննվում է Լոռու ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 12-ին: