Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն, կիեւցիներին կոչ է արել զինվել մականներով եւ գնալ Անկախության մայդան՝ «Բերկուտի» մարտիկներին դիմակայելու համար:
Ըստ նրա՝«ինքնապաշտպանության ջոկատների ավելացումը իշխանության հետ ընդդիմության բանակցությունների ընթացքում դիրքերի ամրապնդման լավագույն փաստարկը կդառնա»: Այս մասին նա Մայդանում հայտարարել է կիրակի օրը:
«Ինքնապաշտպանության ջոկատների ավելացումը Գերագույն ռադայում բանակցությունների լավագույն պատասխանն է: Բոլորդ գրանցվեք ինքնապաշտպանության ջոկատների շարքերում» - ասել է Լուցենկոն:
Նա կիեւցիներին կոչ է արել աշխատանքի գնալուց առաջ իրենց մեքենաներում լավ կոշիկ ունենալ, զրահաբաճկոններ, սաղավարտներ եւ «բեյսբոլի մականներ՝ «Բերկուտի» դեմ պայքարելու համար:
Ըստ Լուցենկոյի` նախորդ վեչեից հետո ինքնապաշտպանական ջոկատների քանակը ավելացել է մի քանի հազար մարդով, իսկ այժմ այն պետք է ավելանա մի քանի տասնյակ հազարով, հայտնում է Ukranews-ը:
Հաղորդվել էր, որ փետրվարի 7-ին Եվրամայդանի ինքնապաշտպանությունը վերակազմավորվելու որոշում էր կայացրել:




























