Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդին՝ Էմին Գրիգորյանը, որն անցած տարվա հունիսի 2-ի վաղ առավոտյան, վարելով իր Volkswagen մակնիշի 51 TN 111 պետհամարանիշի ավտոմեքենան՝ վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա մեքենայի ուղեւոր, 22-ամյա Կարեն Ղազարյանը մահացել էր, այսօր՝ փետրվարի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարենի մայրը՝ Լիանա Ավետիսյանը:
«Դատարանը կիրառեց միայն 242-րդ հոդվածի 2-րդ մասը, բացի դրանից երկու տարով զրկեցին վարորդական իրավունքից»,- ասաց տիկին Լիանան:
Կարենի մայրը համոզված է, որ դատարանը սխալ պատիժ նշանակեց. «Սխալ դատավարություն ա կայացել: Ինքը զինկոմի տղա ա: Իհարկե իրանք էդ իրավունքը ունեին. բոլորին կաշառելով՝ իրանք իրանց նպատակին հասան»:
Նշենք, որ Էմինն ու Կարենը մտերիմ ընկերներ էին, վթարի օրը վերադառնում էին գիշերային ակումբից: Կարենի հոր խոսքով՝ Էմինը վթարից հետո դիմել էր փախուստի՝ անօգնական թողնելով ընկերոջը: Մինչդեռ վկաներն այլ բան են ասում:
«Էմինի եւ Կարենի ընդհանուր ընկերն ինձ ճիշտն ասել ա, բայց դատարանում Էմինին պաշտպանեց: Դատախազը եւ «ծախված» վկաներն ասացին, որ Էմինը մնացել ու օգնել է Կարենին: Դրա համար մենակ 242-ը կիրառեցին»,- հուզված ասաց տիկին Լիանան:
Նախորդ նիստին տուժող կողմի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել՝ 5 500 000 դրամի փոխհատուցում ստանալու, որը դատարանը մասնակի բավարարեց:
«1 մլն 700 հազար դրամ պիտի փոխհատուցեն, բայց մենք երբեք անարդար քրտինքը չենք կերել: Էդ փողը տալու ենք մանկատներին»,- ասաց Կարենի մայրը:
Կարենի հարազատները պատրաստվում են վճիռը բողոքարկել ՀՀ Վերաքննիչ դատարանում: Էմինի հայրը՝ զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը ոչ մի անգամ դատի չի մասնակցել: Տիկին Լիանայի խոսքով՝ դատական նիստերին մասնակցում էին միայն Էմինի հորաքույրները:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել էր մայթեզրին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղևոր 22-ամյա Կարեն Ղազարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ վարորդը Կապան քաղաքի բնակիչ 23-ամյա Էմին Գրիգորյանն է, որը բերման էր ենթարկվել ու տվել խոստովանական ցուցմունք: Դատարանում Էմին Գրիգորյանը խոստովանել էր, որ եղել է անսթափ վիճակում, իսկ մեքենան վարել է գերազանցված արագությամբ:




























