Թուրքիայում «Մեծ կաշառք» գործով նոր դատախազը գործով անցնող բոլոր կասկածյալների ունեցվածքի վրա դրված կալանքը եւ երկրից դուրս գալու արգելքը չեղյալ է հայտարարել։
Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք» գործով նոր դատախազ Էքրեմ Այդըները որոշում է կայացրել, որով «Մեծ կաշառք» գործով անցնող 91 կասկածյալների ունեցվածքի վրայից հանվում է կալանքը, ինչպես նաեւ հանվում երկրից դուրս գալու արգելքը։ Դատախազն իր որոշման մեջ նշել է, թե նախկին որոշումն առանց բավարար փաստերի է կայացվել։
Այս որոշումով թույլատրվել նաեւ կալանքի տակ չգտնվող կասկածյալներին ոստիկանությունից վերցնել ձերբակալման ժամանակ առգրաված հեռախոսները։
Դատախազի այս որոշումը մեծ արձագանք է գտել սոցկայքերում, որտեղ դատախազին մեղադրել են հանցագործության մեջ մեղադրվողներին արդարացնելու գործընթաց սկսելու մեջ։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ,գործարարներ եւ պաշտոնյաներ։




























