«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված թիվ 14142513 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) մեղադրական եզրակացությամբ երեք անգամ վերսկսվելուց հետո հունվարի 22-ին հանձնվել է Հայաստանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Ա. Մկրտչյան): Առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 12-ին ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, թե տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Եվ թեեւ առկա են նրան ծեծի ենթարկելու բազմաթիվ փաստեր, սակայն քրգործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հրավածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

2013թ-ի նոյեմբերի 7-ին Կիվիրյանին ՀՔԾ-ում առաջադրեցին եւս մեկ մեղադրանք ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հանցագործության մասին սուտ մատնություն, որը հունվարի 13-ին հանվել է, Ա. Կիվիրյանին առաջարկվել համաներում, որից նա հրաժարվեց:

Ա. Կիվիրյանի դեմ ընթանում է ակնհայտ քաղաքական հետապնդում նրա քաղաքական հայացքների եւ նրա հասարակական եւ լրագրողական գործունեության համար: Այս պահին նա տարբեր կարգավիճակներով անցնում է նաեւ երեք վարչական գործով, որոնք կոպիտ խախտումներով են իրականացվել, այդ ընթացքում Կիվիրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն եւ ոչ մի քրգործ հարուցված չէ։ 

«Ես, իմ փաստաբաններն ու ինձ աջակցող ակտիվ քաղաքացիները ամեն կերպ պայքարելու ենք, որ վերականգնվեն իմ խախտված իրավունքները, եւ բոլոր մեղավոր անձինք ենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Ցանկացած ապօրինություն իմ կամ այլ քաղաքացու նկատմամբ ինքնին խոցելի է դարձնում ողջ հասարակությանը, քանի որ այդ պարագայում ոչ մեկը չունի երաշխիք, որ վաղը նույն այս կարգի ապօրինությունների թիրախը ինքը չի լինի: Փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին կայանալու է իմ դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը (հասցե՝ Հր. Ներսիսյան 10): Բոլորի ներկայությունը ողջունելի է: Միասին պայքարենք Հայաստանում օրենքի, արդարադատության եւ արժանապատվության հաստատման համար...» գրում է Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am