«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու գործով մեղադրյալ կնոջ խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումը Վերաքննիչ դատարանը չի բեկանել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կնոջ փաստաբանը՝ Գայանե Գրիգորյանը:

Նա նշեց, որ քննիչը խափանման միջոց կալանք ընտրելը պատճառաբանել է մի շարք քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ, ինչը սակայն պարտադիր չէ։ Փաստաբանը մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով կալանքը երկամսյա ժամկետով երկարացնելու որոշումը։

Գայանե Գրիգորյանը պարզաբանեց, որ իր պաշտպանյալը լրացուցիչ հարցաքննվել է եւ մի շարք նոր փաստեր են ի հայտ եկել։ «Նոր հանգամանքներ են ի հայտ եկել, իմ պաշտպանյալի հետ հարեւանի միջոցով ծանոթացած Լուսինե Գուլյանը, որը «Բրենդ մեդիա տրանս»  ընկերության հետ առնչություն ունեցող ոմն Հայկի ծանոթուհին է եղել, վերջինիս խնդրանքով դիմել է իմ պաշտպանյալին, որպեսզի նա իր ծանոթների միջոցով տոմսերի առուվաճառքը կազմակերպի։ Իմ պաշտպանյալը ի սկզբանե չի ցանկացել այդ գործին որեւէ առնչություն ունենալ, քանի որ ինքը ներկայացրել է բարդ ուղղություն, հաճախակի չպտավիրվող, այդ պատճառով չի ցանկացել, բայց  Լուսինե Գուլյանը շատ է պնդել։ Լուսինե Գուլյանը 3 մլն 200 հազար դրամ է տվել իմ պաշտպանյալին ՝ որպես կանխավճար, որը նա վճարել է «Վիզա կոնկորդ» ՍՊԸ-ին։ Քանի որ Լուսինեն վճարումների մնացած մասը չի ապահովել, այդ ուղեւորների համար տոմսերը հանվել են։ Դա է իրավիճակը, որքան էլ տարօրինակ է, Լուսինեն հիմա ազատության մեջ է։  Չգիտեմ՝ ոնց է ստացվում, որ Հայկը եւ Լուսինեն գնում են, բողոք են ներկայացնում ոստիկանություն եւ ոստիկանությունը հաջորդ օրը ձեռնարկում է իմ պաշտպանյալի ձերբակալումը, որի իրավունքը չունեին»,- ներկայացրեց փաստաբանը։

Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի ձերբակալումը եղել է մի շարք օրենքների խախտմամբ, «այդ ինչպե՞ս է ստացվում, որ 10 րոպեում հասցնում են եւ նրան իր իրավունքներին ծանոթացնել, եւ ձերբակալման արձանագրությունը կազմել, եւ համոզել, որ ցուցմունքներ տա»։ Գայանե Գրիգորյանն ասաց, որ  իր պաշտպանյալը ձերբակալման օրը չի ցանկացել հարցաքննվել, նրա վրա հոգեբանական ճնշումներ են գործադրել, «ասել են, որ պետք է մեր ուզած ցուցմունքները տաս, որ ազատ արձակվես։ Ինքը հայոց լեզվին չի տիրապետում, ցուցմունքները գրվել են քննիչի ձեռագրով, իսկ երբ նրան հայտնեցի, թե ինչ է գրված իր ցուցմունքում, իմ պաշտպանյալի համար դա տհաճ անակնկալ էր»։

 Գայանե Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին ձերբակալած ոստիկանները Հայկի ծանոթներն էին, այդ մասին հայտնել է նաեւ Լուսինե Գուլյանն ու իր եղբայրը։ Դրա հետ կապված նրանք մտադիր են դիմել՝  ծառայողական քննություն նշանակելու խնդրով, «Լուսինե Գուլյանը ավիաընկերություն ունի, «Բրենդ մեդիա տրանսը» եւս  ունեցել է պուլտ, եթե դա ունեցել է, ինչի՞ ինքնուրույն չի կազմակերպել, ինչի՞ են փորձել իմ պաշտպանյալին ներքաշել այս ամենի մեջ: Շատ տարօրինակ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք պարզ կդառնա նախաքննության ընթացքում»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար  ավիատոմսերի վաճառքով զբաղվող կնոջը փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը այդ կինը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Այս գործը միացվել է ԱԱԾ վարույթում յուրացումների փաստով քննվող մեկ այլ գործի, որի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նույն կինն է: