Վերջապես օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը:
Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անահիտ Բախշյանը դիմել էր Տարոն Մարգարյանին եւ իր վրդովմունքը հայտնել, որ քաղաքապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր ուղարկել Սուսաննա Սարգսյանին: «Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը»,-գրել էր Բախշյանը:
Ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնել էր, որ դա թյուրիմացության արդյունք է եւ մեղավոր աշխատակիցը կպատժվի:





























