Երեւանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհուրդներ կստեղծվեն:
Այս առնչությամբ քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների /այսուհետ` Խորհուրդ/ քանակը, անվանումները, ձեւավորման եւ գործունեության կարգը:
Նշված կարգի 4-րդ կետի հիման վրա` Երեւանի քաղաքապետին կից ձեւավորվել եւ գործում են համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման, առողջապահության, սոցիալական հարցերի եւ սպորտի, մշակույթի եւ հանրակրթության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ աջակցման խորհուրդները:
Վերը նշված խորհուրդներում թափուր տեղերը լրացնելու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է Երեւանի բնակիչներին եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցել վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:
Խորհրդի կազմում ընդգրկվելու /Երեւանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու/ համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ 2014 թվականի փետրվարի 14-ը ներառյալ հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Արգիշտիի փող. 1, Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում`
ա/ ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը եւ, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը /տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը եւ այլն/, ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշումից կամ զանգահարել /010/ 514-174 հեռախոսահամարով»:




























