Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի խորհրդական: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ալեքսան Հարությունյանը:
Նա սկզբից նշեց, որ ծանոթ չէ այդ մասին լրատվամիջոցներում տարածված հրապարակումներին, այդ պատճառով չի կարող որեւէ բան մեկնաբանել: Հարցին, թե իրականությանը համապատասխանում են ձեր՝ ԱԳ նախարարի խորհրդական նշանակվելու մասին լուրերը, Ալեքսան Հարությունյան ասաց, որ արդեն նշանակվել է: Իսկ թե երբվանից է նշանակվել, արդեն գնում է աշխատանքի, թե ոչ, ԱԳ նախարարի խորհրդականը մեկնաբանություններ չտվեց՝ խորհուրդ տալով դիմել ԱԳ նախարարություն:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր-վաղը Ալեքսան Հարությունյանը կդառնա «նորին գերազանցություն պարոն»՝ առնվազն նախարարի խորհրդական։ «Եվ չնայած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը մինչ այդ պաշտոններին անցնելը դիվանագիտական ծառայություն էր անցնում Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանն ու լրատվամիջոցներով էլ ասել էր, թե հանգստանում է և մտադիր չէ ու անգամ չի պատկերացնում դիվանագիտական կարիերայի վերսկսումը։ Նրա խոսքով, դիվանագիտական աշխատանքն ուղղակի ջահելություն է եղել՝ «...երբ 27-28-29 տարեկան էի»»,-գրել է թերթը:




























