Արեւմտյան դիվանագետները մտավախություն ունեն, որ Օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ առավել ագրեսիվ քայլեր կձեռնարկի, գրում է The New York Times-ը:
Վաշինգտոնի միջազգային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդերս Օսլունդի խոսքով՝ Ռուսաստանի հետագա գործողությունների 4 տարբերակ կա՝ առեւտրային պատերազմ, գազային պատերազմ, ռազմական ուժի կիրառման սպառնալիք եւ գաղտնի գործողություններ:
Փորձագետների մեծամասնությունը բացառում են Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կիրառումը: Անդերս Օսլունդը քիչ հավանական է համարում նաեւ գազային պատերազմը:
Թերթը նշում է, թե կան մի շարք ապացույցներ, որ մյուս երկու տարբերակներն արդեն աշխատում են եւ օրինակ է բերում սահմանին ուկրաինական արտահանվող ապրանքների ուշացումները, ինչպես նաեւ Կիեւի տասնյակ ցուցարարների անհետացումը:
Հեղինակի կարծիքով՝ Մոսկվայի տրամադրության տակ այլ «քարտեր» էլ կան:
«Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանն իր դերը կունենա Ուկրաինայում՝ բացահայտ, թե քողարկված, անկախ այն բանից, թե ինչ օգնություն կամ խորհուրդ կարող է առաջարկել Արեւմուտքը», - ասված է հոդվածում, հայտնում է ՈՒՆՆ-ն:




























