Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը հայտնվել է Դիարբեքիրի գովազդային վահանակներին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման եւ Թուրքիա տեղափոխման 15-րդ տարվա կապակցությամբ Դիարբեքիրի փողոցների գովազդային վահանակներին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից փակցվել է Աբդուլլահ Օջալանի լուսանկարը, որի տակ կա հրավեր՝ մասնակցելու ազատության նվիրված 3 օրյա համաժողովի։
Թուրքական մամուլում այս դեպքը սկանդալային են համարում, քանի որ մինչ այս նման դեպք չէր գրանցվել, ավելին, Աբդուլլահ Օջալանի լուսանկարը պահողներին ձերբակալում էին ահաբեկչական կառույցի քարոզչության մեղադրանքով։
Նշենք, որ 1999 թվականի փետրվարի 15-ին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է Քենիայում եւ տեղափոխվել Թուրքիա։ Բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով Աբդուլլահ Օջալանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։




























