Թուրքական Star պարբերականի սյունակագիր Ֆեհմի Քորուն իր հրապարակման մեջ կարծիք է հայտնել, որ Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ Գյուլենի կրոնա-հասարակական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը կուսակցություն է ստեղծելու։
Star-ի սյունակագիրը պնդել է, թե իր կարծիքը հիմնված է Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական հայտարարությունների վրա։ Ըստ սյունակագրի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հեռացած գյուլենականները մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո կամ օգոստոսի նախագահական ընտրություններից առաջ նոր կուսակցություն կստեղծեն։
Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։




























