Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով իրական պատկերը չի բացահայտվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Հնարավոր  է  սպանությունը ապացուցվի այդ Իսոյի վրա, բայց իրական պատկերը չի բացահայտվելու, այդպես էլ չենք իմանալու, թե ով եւ ինչի համար է պատվիրել այդ սպանությունը: Մինչեւ պատվիրատու հաստատ չեն հասնի, Հայաստանում ե՞րբ են մինչեւ պատվիրատու հասել, որ այս գործով հասնեն: Պետք է հաշվի առնել, որ երկրում ենք ապրում, մենք բռնապետություն ենք, իսկ բռնապետությունում, որպես կանոն, պատվիրատուները չեն բացահայտվում: Դա լրջագույն պատմություն է, այդպես հասարակ չէ, որ գնացինք եւ բացահայտեցինք, դուք պետք է հաշվի առնենք որտեղ ենք ապրում եւ ինչ օրենքներ են գործում, այսինքն՝ այդ օրենքները գրված են ազգաբնակչության համար, որպեսզի նրան պատժեն, բայց խումբ կա, որոնց համար օրենք գրված չէ, կարող են մարդ սպանել եւ երկու օր հետո փողոցում շատ հանգիստ ման գալ, օրինակ՝ Բուդաղյանի սպանությունը: Ես գիտեմ մարդասպաններ, որոնք ընդամենը մեկ տարի հետո դուրս են եկել կալանավայրից եւ գիտենք սպանություններ, որոնցով մարդկանց ցուցմունքների ճնշման տակ բռնել են իբրեւ մարդասպաին, հետո մի քանի ամիս հետո բաց են թողել»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:

Այս դեպքով մյուս ուշագրավ հանգամանքը, որի վրա ուշադրություն հրավիրեց ԱԱԾ նախկին պետի տեղակալը,«Դուքենդո» ֆեդերացիայում հայտնաբերված մեծ քանակությամբ զինամթերքն էր:

«Դուք պատկերացնում եք, որ մեկ այլ տեղ այդքան զենք հայտնաբերվեր, որը հանկարծ պատկաներ մեկ ուրիշ մարդու, քանի՞ հոգի կկալանավորվեին, միանշանակ Գոռ Վարդանյանի անձով է պայմանավորված, որ չեն կալանավորել, հաստատ անպատիժ չեն թողնի, Հուսիկ Բաղդասարյանը երեք տարի նստեց երեք փամփուշտի համար, երբ որ այդ փամփուշտների հրացանը ինքը օրինական ուներ:

Երեք գնդակի համար նստեց 3 տարի, եթե 4 լիներ, 4 տարի կնստեր, հիմա այնտեղից հարյուրավոր նման մարտական նռնակներ են հանել եւ մինչեւ այսօր մտքներով չի անցել, որ որեւէ մեկին կալանավորեն: Էդ իրենց մարդիկ են, ո՞նց կարող են կալանավորել, սխալվեցին հայտնաբերեցին չէ՞, հիմա վերեւից ցուցում կլինի, որ հանկարծ նայի, ոստիկան, դու սրանց ձեռ չտաս, չհամարձակվես: Գոռ Վարդանյանը մարտական միավորի ղեկավար է, որը ամեն վայրկյան կարող է իրենց պետք գա, դա է պատճառը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին Գոռ Վարդանյանի ղեկավարած ֆեդերացիայի մասնակցությանը, Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ նման գնահատական չի կարող տալ, բայց բանտում իրենք լուր են ստացել, որ դեպքերին մասնակցել են բավականին մարզված սրիկաներ, սակայն չեն կարող ասել՝ նրանք «Դուքենդո» ֆեդերացիայից են, թե ոչ:

 Անդրադառնալով լրատվամիջոցներին հրապարակումներին՝ Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ ինքը որեւէ կապ չի տեսնում 1 տոննա հերոինի եւ Թեւոսիկի եղբոր սպանության գործի միջեւ, «երկուսն էլ ուրիշ պատմություններ են, ոչ մի բան չեմ տեսնում, որ կարող է ինչ-որ բան համընկնել»:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում: