Ռուսաստանի ԴՄԾ-ն եւ տնտեսական զարգացման նախարարությունը օրինագիծ են մշակել, որն առաջարկում է ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնք 10 միլիոն եւ ավելի ռուբլի են ներդրել երկրի տնտեսությունում, ինչպես նաեւ արտասահմանցի այն ուսանողներին, որոնք կրթություն են ստացել Ռուսաստանում եւ երկրում աշխատել երեք տարուց ավելի, հայտնում է «Կոմերսանտը»:
Ռուսական անձնագիր կարող են ստանալ նաեւ օտարերկրացի այն ուսանողները, որոնք 2002թ. հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն են ստացել եւ քաղաքացիության համար դիմելու պահին Ռուսաստանում աշխատած են եղել երեք տարի, գրում է թերթը՝ հավելելով, որ օրինագիծն արդեն քննարկվել է կառավարությունում եւ շուտով ընդունվելու է Պետդումայում:
Ներկայումս քաղաքացիություն ստանալուն կարող են հավակնել հիմնականում այն օտարերկրացիները, որոնց ամուսինը կամ կինը Ռուսաստանի քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում եւ քաղաքացիություն չունեցող անձ են: Փաստաթղթում առաջարկվում է հեշտացված ընթցակարգով քաղաքացիություն տրամադրելիս օգտվել եվրոպական փորձից:




























