«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս այլընտրանք համարվող ԲՀԿ-ն անկաշկանդ շփվում է ընդդիմության հետ, որի մասին քաղաքական կուլիսներում պտտվում են խոսակցություններ, թե իբր ԲՀԿ-ն շուտով կհամալրի ընդդիմության շարքերը։ Թե արդյոք վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, ճշտեցինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից։

Ովքեր որ պտտում են այդ խոսակցությունները, հենց իրենց էլ պետք է տվյալ հարցերն ուղղել, որովհետեւ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակն եմ, այլ ոչ թե խոսակցություններ պտտեցնողների։Ինչ վերաբերում է մեր քաղաքական կուրսին, գործունեությանը, պաշտոնական դիրքորոշմանը, ապա կցանկանայի, որ ՀՀ քաղաքացին մեր կողմից իր իսկ կյանքի որակի փոփոխությանն ուղղված գործողություններից էլ եզրակացություն աներ մեր կարգավիճակի մասով։

Վերջիվերջո ԲՀԿ-ն ստացա՞վ վերջնական պատկերացում Մաքսային միության վերաբերյալ, թե՞ դեռ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ կուսակցության համար։

Մաքսային միությունը տնտեսական գործակցություն ենթադրող պայմանագրի ձեւաչափ է, եւ այդ ձեւաչափին յուրաքանչուր պետություն անդամակցելու-չանդամակցելու պարագայում պետք է իր համար դիտարկի կոնկրետ, տեսանելի, ընդ որում՝ քաղաքացու համար  շոշափելի տնտեսական շահ։  Սա այն է, ինչի մասին մենք խոսում ենք առաջին իսկ օրվանից եւ հենց դա ենք փորձում դարձնել հասանելի եւ պարզ, որպեսզի կարողանանք ձեւավորել դիրքորոշում, հետեւաբար՝ եթե այն շահեկան է Հայաստանի համար, ուրեմն անդամակցությունը դրական է, եթե շահեկան չէ, ուրեմն՝ բացասական է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում