Անթալիայում իրենց Գյուլնեի կրոնական համայնքի անդամ կոչող խմբի անդամները դատական հայց են ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Անթալիայի դատարանի դիմաց լրագրողների հարցերին պատասխանող Գյուլենի կրոնական համայնքի անդամները նշել են, թե իրենք անհանգստացել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին օրերին Գյուլենի համայնքին ուղղված վիրավորական արտահայտություններից։

Գյուլենի համայնքի անդամները շեշտել են, թե իրենք դատական հայց են ներկայացրել վարչապետի դեմ՝ իրենց համայնքի հասցեին  «լրտես», «զուգահեռ պետություն» , «սուտ մարգարե»  եւ նմանատիպ այլ վիրավորական արտահայտություններ օգտագործելու համար։

Նշենք, որ  սա առաջին դեպքն է, երբ Գյուլենի համայնքի անդամներն անձամբ են հայց ներկայացնում Էրդողանի դեմ։

2013-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո, երբ Թուրքիայի վարչապետը սկսեց հեռացնել ոստիկանությունում եւ դատական համակարգում Գյուլենի համայնքի անդամներին եւ քննադատել Ֆեթհուլլահ Գյուլենին, մի շարք լրագրողներ եւ Գյուլնեի համայնքի շահերը ներկայացնող լրագրողներ դատական հայց էին ներկայացրել Էրդողանի դեմ։

Հիշեցնենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։