Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում փետրվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ են անցկացվել:
Պալատի անդամ Սթիվեն Փաունդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը ՝ մանրամասնորեն կանգ առնելով Հարավային Կովկասի պատմության ու ներկայուսմ տիրող իրավիճակի վրա: Նա նշել է, որ հակամարտության էությունը հասկանալու համար, պետք է ուսումնասիրել պատմության խորքերը:
Նա կարծում է, որ գլխավոր հարցն այն է, թե Մեծ Բրիտանիան այժմ ինչ կարող է անել, որպեսզի օգնի կողմերին կարգավորման հասնել: Փաունդը ողբերգություն է համարում այն փաստը, որ աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում հանգիսը ու խաղաղ չէ: Նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր երբեւէ այցելել են Ղարաբաղ, երբեք չեն մոռանա այդ լեռները, եկեղեցիները, հայկական խաչերը, որոնք կառուցվել են մոտ 2000 տարի առաջ:
Նա նաեւ հիշեցրել է Հայոց ցեղասպանության մոտեցող տարելիցի մասին: Նա խայտառակություն է համարում այդ փաստը վիճարկելը: Նա նեշել է, որ սա լավագույն պահն է աջակցելու, բարեկամության ու համերաշխության ժեստ անելու Հայաստանի նկատմամբ:
Նա պատգամավորներին կոչ է արել հակամարտության չվերաբերել որպես անցյալի փաստի, քանի որ այն պարբերաբար զգացնել է տալիս իրեն:
Նա նշել է, որ ժամանակն է երկու ազգերին հնարավորություն տալ վերածնվելու ու խաղաղությամբ միմյանց կողքի ապրելու:




























