Մեծ Բրիտանիան, լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամ, կշարունակի սատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին: Այս մասին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մարկ Սիմոնդսը:
«Մենք շարունակում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անել հետեւել Մադրիդյան սկզբունքներին, զսպվածություն ցուցաբերել՝ սադրանքներից խուսափելու համար եւ կրկնապատկել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ուժի կիրառումից եւ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա հիմնվելով»,- հայտարարել է նա:
Կառավարության ներկայացուցիչը նաեւ մտահոգություն է հայտնել հրադադարի խախտման շարունակվող դեպքերի կապակցությամբ:
Մարկ Սիմոնդսն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան զորակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ «ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ստեղծում իրավիճակ, որի պայմաններում խաղաղ պայմանագիրն ընդունելի կլիներ բնակչության համար::
Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացմանը, որը կարող է առեւտրի, տրանսպորտի եւ էներգետիկայի տեսանկյունից խաչմերուկ դառնալ:




























