Աբովյանի 49-ամյա բնակիչ Արայիկ Խ.-ն մեղադրվում է ապօրինի Աննա Ա.-ի տուն մուտք գործելու եւ վերջինիս հետ սեռական հարաբերության փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Ժամը 23:30-ի սահմաններում Արայիկ Խ.-ն հարբած վիճակում պահանջել է Ա.Ա.-ից բացել տան դուռը, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիներն ու այնտեղից ներս կմտնի: Որոշ ժամանակ սպասելով՝ 49-ամյա տղամարդը կոտրել է պատուհանը, մտել Ա.Ա.-ի տուն եւ փորձել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Ա.Ա.-ն մահակով հարվածել է ու փախել տանից:

Արայիկ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 13-ին: