Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է եւ դեռ հայտնի չէ՝ երբ այն կավարտվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղուկասյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

«Այդ գործը դատարանում կլինի, եւ հուսով եմ՝ բոլորը կտեսնեն՝ ինչ է տեղի ունեցել այդ օրը եւ ինչ տեղի չի ունեցել: Ես հաստատ չեմ անի այնպես, որ այդ գործը դատարան չհասնի»,- ասաց փաստաբանը: Նա շեշտեց, որ վաղուց այս գործը պետք է լիներ դատարանում, սակայն այն ձգձգվում է, պատճառը՝ ապացույցների սղությունն է, եթե ոչ բացակայությունը:

Նրա պաշտպանյալը արդեն մի քանի անգամ հարցաքննվել է՝ սկզբից որպես կասկածյալ, այնուհետեւ որպես մեղադրյալ, սակայն պաշտպանի ներգրավումից հետո դեռ չի հարցաքննվել, որեւէ քննչական գործողության չի մասնակցել: Պաշտպանական կողմը նախաքննական մարմնի որեւէ որոշում չի բողոքարկել:

Հարցին, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ, ճիշտ են տեղեկությունները, որ եկել են, կրակել են, հայհոյել են, Հայկ Ալումյանն այսպես պատասխանեց. «Չեն եկել, չեն կրակել, չեն հայհոյել, դրանից ավել առայժմ իրավունք չունեմ ասելու: Իրեն մեղադրում են խուլիգանության մեջ, բայց իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը, եւ ես իր դիրքորոշումը կներկայացնեմ դատարանում»:

Անդրադառնալով այս դեպքերից հետո եւ այս դեպքերի պատճառով ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ոստիկանապետի, փոխոստիկանապետի պաշտոնանկությանը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ չգիտի՝ այս դեպքում որն է պատճառը, իսկ որը՝ հետեւանքը, «գուցե ոչ թե գործի պատճառով նրանց հանեցին, այլ նրանց հանելու անհրաժեշտությունից ելնելով այս գործը առաջացավ:

Իսկ թե ինչու Հայկ Ալումյանը համաձայնեց ստանձնել Սպարտակ Ղուկասյանի պաշտպանությունը, փաստաբանն ասաց, որ սկզբում շատ վերապահումով էր մոտենում այդ հարցին: Գործում ընդգրկվելու խնդրով նրան դիմել է անձամբ Սպարտակ Ղուկասյանը, ում Հայկ Ալումյանը ճանաչում էր դեռեւս եղբոր՝ Վահեի գործից, դրանից առաջ եւս առնչվել էին: «Բոլոր Ղուկասյանները չէ, որ պաշտպանի կարիք ունեն, առայժմ Ղուկասյաններից երկուսի պաշտպանն եմ: Ես հասկանում էի, որ կարող է հանրության կողմից միանշանակ չընդունվի, ես դա հաշվի էի առնում, ես վերապահում էի վերաբերում այս գործը վերցնելուն, չվերցնելուն, մինչեւ չտեսա ինտերնետում հայտնված տեսագրությունը: Ես մինչեւ այդ անընդհատ լսում էի մեկնաբանություններ կրակոցների, հայհոյանքների մասին: Այդ տեսանյութը շատ նման էր Սուրիկ Խաչատրյանի գործով  տարածված առաջին տեսնայութին, որտեղ եւս սլաքներ կային, թե հնչում է կրակոց եւ այլն: Այդ դառը փորձը ունենալով, թե ոնց են թխվում այդ կարգի նյութերը, ես հասկացա, որ արժե այս գործը վերցնել եւ իրականությունը ճիշտ ներկայացնել, այդ տեսանյութը նայելուց հետո որոշեցի վերցնել այդ գործը»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի