«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում մարդիկ պայքարի են դուրս գալիս միայն այն դեպքում, երբ վտանգվում են նրանց եկամուտները, ավելի պարզ ասած՝ բողոքում են միայն այն ժամանակ, երբ իշխանությունը «կպնում» է փողին: Այս երեւույթի խորքային պատճառների մասին գուցե պետք է խոսեն համապատասխան մասնագետները՝ սոցիոլոգները, հասարակագետները կամ հոգեբանները: Սակայն, անկախ պատճառներից, այն վկայում է Հայաստանում գաղափարի, արժեքների վախճանի մասին:

Մարդիկ հանդուրժում են իշխանությունների բոլոր «ընդհանուր բնույթի» ապօրինությունները՝ ընտրակեղծարարություն, տնտեսության մոնոպոլացում, քաղաքական հետապնդումներ, արդարադատության բռնաբարում, Հայաստանի ինքնիշխանության հանձնում, բազմաթիվ այլ արատավոր երեւույթներ, որոնք Հայաստանը դարձնում են այնպիսի երկիր, որտեղից բոլորը ցանկանում են արտագաղթել եւ փողոց են դուրս գալիս միայն ժամանակ, երբ վերը նված ու չնշված քայլերով, ըստ էության, պետության հանդեպ դավաճանություն իրականացնող իշխանությունը դիպչում է նրանց գրպանին:

Որքան էլ տարօրինակ հնչի, այս իրողությունը վկայում է Հայաստանում ադեկվատության, կործանարար ադեկվատության վիճակի մասին:

Հասարակությունն իր այս վարքագծով դառնում է ադեկվատ եւ՛ իշխանությանը, եւ՛ դրա դեմ պայքարող ընդդիմությանը: Իշխանությունների համար որեւէ երեւույթի չափման միակ միավորը փողն է: Դրա համար կարելի է երկրի ներսում ցանկացած «բարեփոխում» իրականացնել, դրա համար կարելի է արմատապես փոխել պետության արտաքին քաղաքական կուրսը, եւ այդպես շարունակ:

Վերջին մի քանի տարիներին ընդդիմությունը ցույց տվեց, որ ժողովրդավարության ու պետության փրկության կարգախոսներով իրականում հետապնդում է նույն նպատակը՝ փողը կամ դրան հավասարեցված իշխանությունը, որի համար կարելի է ազատականությունը փոխարինել սոցիալ-դեմոկրատիայով, ընդհանրապես ցանկացած գաղափար ու սկզբունք ստորադասել պրագմատիզմին ու կոնյունկտուրային: Հայաստանում քաղաքականությունը վաղուց գաղափարների պայքարից տրանսֆորմացվել է` շահերի, ավելի կոնկրետ՝ փողի պայքարի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում