ԱՄՆ-ի Կենտուքի նահանգի սենատոր Ռենդ Փոլը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային դատի է տվել` նրա աշխատակազմին մեղադրելով ԱՄՆ-ում բջջային տեղեկությունները հավաքելիս օրենքը խախտելու մեջ:

Ըստ Փոլի`ԱՄՆ-ում բջջային տեղեկությունները հավաքելը խախտում է ԱՄՆ-ի Սահմանադրության չորրորդ փոփոխությունը, որն արգելում է պետության անհիմն միջամտությունը անձնական կյանքին:

YouTube-ում հրապարակված  բաց տեսաուղերձում սենատորը ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսությունը համեմատել է Ամերիկյան հեղափոխության ժամանակ անգլիացիների գործողությունների հետ: 

Նշենք, որ բացի ԱՄՆ նախագահից, ամբաստանյալ են նաեւ ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը, ԱԱԾ-ի տնօրեն Քեյթ Ալեքսանդերը եւ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Կոմին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ը:

Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ապօրինաբար գաղտնի տեղեկություններ հավաքելու շուրջ սկանդալը ծագել էր ԱԱԾ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հրապարակումներից հետո: