Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջիկը՝ Մանյա Ղուկասյանը, ազատվել է Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
«Նշյալ դպրոցի նախկին տնօրենը փետրվարի սկզբին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այժմ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել այդ դպրոցի ուսմասվարը»,- ասաց Զոհրապ Եգանյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանի դուստրը մի քանի անգամ ցանկացել է դուրս գալ աշխատանքից, սակայն, ըստ երեւույթին, հոր, ազգականների հորդորներով այդ քայլը չի արել:
Այս անգամ էլ նրա աշխատանքից ազատվելու հետ կապված եղել է երկու դիմում, առաջինում նա գրել է, որ խնդրում եմ՝ ազատեք ինձ աշխատանքից, այնուհետեւ երկրորդ դիմումն է ուղարկվել քաղաքապետարան՝ համեմված վիրավորական արտահայտություններով: Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ երկու ամիս առաջ իրավապահներն այցելել են այս դպրոց՝ ստուգելու նախկինում կատարված բարեգործական միջոցների ծախսերը: Հնարավոր է, որ նախկինում կատարված ֆինանսական հատկացումների վերաբերյալ գործեր բացահայտվեն:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել: Մանյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի ավագ դուստրն է, 2012 թվականի ապրիլին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն, որին ավելի ուշ առաջարկվեց դիմում գրել, քան Վարդանիկի մյուս մտերիմներին եւ ազգականներին` հարգելով նրա վիշտը: Մանյա Ղուկասյանն իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով քաղաքապետ Սամվել Բալասանյանին դիմել է փետրվարի 6-ին:
Ի դեպ հիշեցնենք, որ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեղմ ասածվատ հարաբերություններ ունի Վարդան Ղուկասյանի հետ: Վերջին դեպքից հետո, երբ Սպարտակ Ղուկասյանը իր ընկերների հետ գնացել էր նրա տուն եւ հերթական «դեբոշը» սարքել, Գյումրիի քաղաքպետը սպառնացել էր պատժել իր միջոցներով:




























