Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հանդիպել է ԱՊՀ, Բալթիայի երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի յոթերորդ նստաշրջանի մասնակիցների հետ: Զրույցի ընթացքում աշխարհի ամենատարեց քաղաքական առաջնորդը պատմել է Իսրայելի պետականաշինության փորձի եւ աշխարհի ապագայի վերաբերյալ իր հայացքների մասին:
NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «ՌԻԱ Նովոստիի» կայքում տեղադրված հարցազրույցը:
Պատասխանելով պետականաշինության գոյություն ունեցող ունիվերսալ բաղադրատոմսի մասին հարցին՝ Իսրայելի նախագահը նշել է գիտության կարեւորությունը եւ նոր իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությունը:
«Ես կարծում եմ, որ ավարտվել է պատմության այն ժամանակաշրջանը, երբ ժողովուրդները գյուղատնտեսության, հողագործության եւ այլնի հաշվին էին ապրում: Այժմ ժողովուրդները գիտության հաշվին են գոյատեւում: Եվ տրամաբանական է, որ երբ մենք հողով էինք ապրում, մենք պետք է այն կիսեինք: Հարկավոր էր պահպանել ազգային ինքնագիտակցությունը, հարկավոր էր պաշտպանել սահմանները: Դրանից ծագում էին պատերազմներ: Մեկը ցանկանում էր պաշտպանել սահմանները, մյուսը՝ ընդլայնել: Այժմ աշխարհը փոխվել է: Այժմ պատերազմներն ու բանակը նախկին նշանակությունը չունեն, քանզի գիտությունը նվաճել հնարավոր չէ: Գիտությունը սահման, ազգություն չունի: Այժմ մենք նոր դարաշրջան ենք թեւակոխում եւ պետք է նոր իրավիճակին հարմարվելու ուղիներ փնտրենք»,- կարծում է քաղաքական գործիչը:
Ըստ նրա՝ «վերջին հաշվով աշխարհը նոր ղեկավարություն կունենա, քանի որ ազգային կառավարությունները նախկինից ավելի թույլ են դարձել, գլոբալիզացիան նրանցից խլել է տնտեսության վերահսկողությունը»:
«Գործնականում իշխանության երկու ձեւ է առաջացել՝ իշխանության ազգային, պետական ձեւ եւ գլոբալ տնտեսական ձեւ:
Հուսով եմ, որ շուտով այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ ազգային կառավարությունները կսկսեն իրենց երկրների ներքին գործերով զբաղվել: Միջազգային կորպորացիաները կզբաղվեն տնտեսությամբ, մարդն էլ՝ ինքն իրենով, կբացահայտի իր ունակությունները:
Այն ժամանակ աշխարհում կսկսվի նոր ժամանակաշրջան ոչ միայն տնտեսության եւ քաղաքականության, այլեւ մտածողության տեսանկյունից, եւ մենք կապրենք նոր աշխարհում», - նշել է քաղաքական գործիչը:
Բացի այդ, Պերեսն ընդգծել է մարդկային ներուժի կարեւորությունը, որը, ըստ նրա, բնական շատ պաշարներից ավելի կարեւոր է:
«Ցանկանում եմ մի բան ասել Իսրայելի եւ հրեաների մասին: Իսրայելը շատ աղքատ պետություն է, մենք շատ փոքր տարածք ունենք, որի կեսն անապատ է, ջուր չկա:
Հողն անբերրի է: Երկու լիճ կա, մեկը՝ Մեռյալ ծովը, մյուսը՝ մահացող... Կա հայտնի Հորդանան գետը, բայց դրանում ավելի շատ պատմություն կա, քան ջուր:
Մենք ոչ մի բնական պաշար չունենք, եւ շատ հրեաներ տրտնջում էին, թե ինչու Մովսեսը Եգիպտոսից մեզ ոչ թե Սաուդյան Արաբիա առաջնորդեց, այլ այստեղ:
Սաուդյան Արաբիան նավթ ունի, եւ կյանքը հրաշալի կլիներ: Սակայն ես Մովսեսից նեղացած չեմ: Շատ ուրախ եմ, որ մեզ Սաուդյան Արաբիա չի տարել, այլապես շատ ծույլ կլինեինք, կունենայինք ամեն ինչ եւ անելու բան չէր լինի:
Այսպիսով, այս երկիրը ոչ մի բնական պաշար չունի, բայց ունի շատ թշնամիներ: Սկզբում այստեղ 600 հազար հրեա կար՝ ընդդեմ միլիոնավոր արաբների: Նրանք յոթ բանակ ունեին: Սակայն հետո մենք բացահայտեցինք մի բան, որը ինձ համար ամենակարեւորն է, եւ դա մարդկային ռեսուրսն է: Ես կարծում եմ, որ այն բնական ռեսուրսներից շատ ավելի կարեւոր է, եւ յուրաքանչյուր մարդ իր մտածածից ավելի տաղանդավոր է: Իսրայելն ապացուցում է, որ մարդիկ են հարստացնում հողը, այլ ոչ թե հողը՝ մարդկանց», - ընդգծել է հրեական պետության ղեկավարը:




























