Փետրվարի 14-ին ժամը 11.30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո սրահում տեղի կունենա Beeline Scholarship ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիս, որին կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Ասուլիսից անմիջապես հետո` 12.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, կհաջորդի կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի բացմանը ելույթով հանդես կգա ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Ելույթներին կհաջորդի կրթաթոշակին արժանացած ուսանողների միջեւ կայանալիք վիճակահանությունը, որի արդյունքում մեկ ուսանող հնարավորություն կստանա մեկնել Միացյալ Թագավորություն:
Beeline Scholarship ծրագիրն իրականացրել է Բրիտանական խորհուրդը եւ ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար ՀՀ պետական ԲՈՒՀ-երի ուսանողները պետք է ներկայացնեին ծրագիր-առաջարկներ` նշելով, թե ինչ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել իրենց ոլորտում: Լավագույն ծրագիր-առաջարկներն ուսանողներից մի քանիսը կներկայացնեն կրթաթոշակների հանձնման արարողությանը:
Ուասնողների ուշադրությանը կներկայացվի Բրիտանական խորհրդի EducationUK կայքը, որը պարունակում է Միացյալ Թագավորությունում կրթություն ստանալու վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Հավաստագիր կհանձնվի Սեդա Դալլաքյանին, ով մասնակցել է ՄԹ կրթական համակարգի վերաբերյալ Բրիտանական խորհրդի EducationUK վերապատրաստման դասընթացին:
Beeline Scholarship ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել 568 ուսանող: Նրանցից 95-ն «ԱրմենՏել» ընկերության կողմից կստանան կրթաթոշակներ:




























