Ոստիկանության Կենտրոնականի բաժինը նյութեր է նախապատրաստում երեկ՝ փետրվարի 12-ին ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության գործով: Այս մասին NEWS.am-ին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից:
«Քրեական գործ չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները ճշտվում են»,- ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ երեկ մարտի 1-ի համար թռուցիկներ բաժանելու ժամանակ բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները: Ավելի ուշ, համացանցում հայտնվեց տեսանյութ, որի մեջ երեւում էր, որ ՀԱԿ երիտասարդների հետ վեճի են բռնվել ՀՀԿ երիտասարդական թեւի անդամներ:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկված 12 քաղաքացու նկատմամբ. «Մեզ համար նշանակություն չունի՝ ՀԱԿ, թե ՀՀԿ: Ասում ենք՝ 12 քաղաքացի բերման է ենթարկվել»:
Նշենք, որ ՀԱԿ-ից բերման էին ենթարկվել 7 անձ:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:




























