Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցը, թե չի ներում իր որդուն, որ Կորժիկի տղայի հետ ընկերություն է արել, զայրացրել է մահացած Կարեն Ղազարյանի հարազատներին: Հիշեցնենք, որ Լեոնիդ Գրիգորյանի որդին՝ Էմին Գրիգորյանն անցած տարվա հունիսի 2-ի վաղ առավոտյան առավոտյան վարելով իր Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան՝ վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով նրա մեքենայի ուղեւոր, 22-ամյա Կարեն Ղազարյանը մահացել էր:
Կարեն Ղազարյանի մայրը բաց-նամակ է ուղարկել NEWS.am-ի խմբագրություն, որում, մասնավորապես, ասվում է.
««Զարմացել եմ փոխգնդապետի այդքան ճղճիմ ու ցածր մակարդակից, ով իրեն թույլ է տալիս արտահայտվել անսահման վիշտ տեսած մարդու մասին…
Փրփուրներից մի կախվեք: Դու շատ լավ գիտես, որ Կարենի հայրն է դեմ եղել նրանց ընկերությանը, ոչ թե դու: Հարցրու տղայիդ ու լավ կիմանաս, որ ձեր տղայի պատճառով Կարենը բազմիցս զրկվել էր տնօրինությունից եւ մեքենայից, քանի դեռ վերջ չտա իրենց հետ շփվելուց, սակայն չլսեց: Հիշեք անցած դեպքերը, երբ Ձեր տղան ծեծի ենթարկելով մեղրեցի անմեղ քաղաքացուն, դուք եւս անմասն չմնացիք, ընկել էր ոստիկանություն, հենց այդ ժամանակ դուք խորհուրդ տվեցիք Էմինին լինել Կարենի նման խելոք ու դաստիարակված երեխա:
Ո՞նց եք ապրում այդպես հանգիստ ու հաճախակի տեղի անտեղի շեշտում եք փոխգնդապետի ուսադիրները: Թեմա չունեք գրելու ստիպված շեշտում եք ‹‹կորժիկ›› բառը կարծես պաշտպանելով ձեզ ինչ-որ բանից: Լավ է լինել ‹‹կորժիկ›› քան լինել նախկինում ՝ դհոլչի, այժմյան թալանչի: Եթե ունակ չեք գրագետ խոսելու, խուսափեք անտեղի բառեր օգտագործել ու լավ կլինի ինքնակրթվեք: Անցյալը մի մոռացեք, հիշեք, թե ով եք եղել:
Մինչ ձեր փոխգնդապետ դառնալը, Կարենի երակներում հոսում էր իսկական հայրենասերի արյուն: Սելը չի ճռում, սելվորն է ճռում: Դուք լավ գիտեք, որ ձեր խիղճը այս հարցում մաքուր չի, այն միշտ տանջելու է ձեզ, անկախ ամեն ինչից: Հաշտության եզրեր գտնելու փոխարեն, թշնամություն ձեռք բերեցիք: Ես մայր եմ, ունեցել եմ անդառնալի կորուստ: Համբերություն, հանգստություն կամենալու փոխարեն ավելի եք ցավեցնում ցավից կծկված իմ հոգուն: Ոչ մեկին չեմ կամենա լինել իմ վիճակում, բայց այս խառնաշփոթը եւ թշնամանքը դուք՝ ծնողներդ, ստեղծեցիք արհամարհելով եւ ծաղրելով իմ վիշտը: Չէ՞ որ մենք մեր մարդկային քայլը կատարեցինք ձեր որդու հանդեպ: Մենք սգի մեջ լինելով, չմոռացանք ձեր որդուն դուրս բերել ոստիկանական բաժանմունքից: Մեկընդմիշտ հիշե՛ք հանգիստ թողեք մեզ, հարգեք երիտասարդ որդուս թարմ շիրիմը, խնայեք մեզ եւ վախեցեք աստծուց»,- գրել է տիկին Լիանան:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Կապանի զինկոմը մահացած Կարեն Ղազարյանի հորը՝ Սերգեյ Ղազարյանին «կորժիկ» էր անվանել, ինչպես նաեւ պատմել էր դեպքի մանրամասների իր տարբերակը, որոնք սակայն Կարենի հարազատներին չեն բավարարում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել էր մայթեզրին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր 22-ամյա Կարեն Ղազարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ վարորդը Կապան քաղաքի բնակիչ 23-ամյա Էմին Գրիգորյանն է, որը բերման էր ենթարկվել ու տվել խոստովանական ցուցմունք: Փետրվարի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց Էմին Գրիգորյանին 2 տարվա ազատազրկման եւ 2 տարով էլ զրկեց վարորդական իրավունքից:
Լուսանկարում՝ զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը




























