Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Կուրբաննազար Նազարովին եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը եւ պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցությանը:

Թուրքմենստանի դեսպան Կուրբաննազար Նազարովը վստահեցրել է, որ իր փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար: Միջպետական հարաբերությունների խորացման հարցում դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ նշել, որ Թուրքմենստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ:

Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի զարգացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում: