Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը հերքում է իր առնչությունը «Որսորդ» ՍՊԸ-ին, խանութի տարածքին եւ զենք, զինամթերքի օրինական առեւտրին:
«Ես որեւէ կապ չունեմ այդ ՍՊԸ-ի հետ, լավ էլի, ինձ հանգիստ թողեք, ես նման բաներով չեմ զբաղվում, էդ «Որսորդ» խանութը վերջին անգամ մտել եմ մի 11 տարի առաջ, Գրիգորյան Գրիգորին վերջին անգամ տեսել եմ 7 տարի առաջ: Տարածքի սեփականատեր էլ չեմ, Կադաստր գոյություն ունի, դա գաղտնի ինֆորմացիա չէ, գնացեք, իմացեք, թե որ թվականից ումն է: Նույնիսկ տարածքը իմը չի, նույնիսկ ես որսորդական զենքերով չեմ զբաղվում, չեմ վաճառում, չեմ առնում, ժամանակ էլ չունեմ դրա համար, ոչ էլ որսորդ եմ»,- ասաց ոստիկանության ակադեմիայի պետը:
Նա շատ բարկացած էր իր մասին տարածվող եւ իրականությանը չհամապատսխանող լուրերից եւ սկսեց բողոքել լրագրողներից, թե « արդեն նենց եք հասցնում պրիլիչյայի սահմանները, որ մարդ չգիտի թե ձեզ հետ ոնց խոսի»: Այնուհետեւ, Հովհաննես Վարյանը շեշտեց, որ ինքը լրագրողների հետ միշտ էլ շատ լավ հարաբերություևնների մեջ է եղել, այնքան, որ ոչ ոք իր մասին վատ բան չի գրել: «Բարեկամներս զանգում են, թե կարող է տենց բան կա, մենք խաբար չենք, վերջիվերջո, ես որոշ անուն ունեմ, պետք չի դա կեղտոտել: էսօր ես զանգել եմ էդ Գրիգորյան Գոքորին (որսորդ Գոքոր), որ 7 տարի ոչ տեսել եմ, ոչ էլ խոսել եմ հետը, եւ իրեն լավ քֆրտել եմ, ասել եմ՝ արա, կարող ա դու ես գնում ստեղ, էնտեղ ասում, ինքը թե չէ, բա ես չեմ ասում, բան, ման, ասացի՝ բա խի չես հերքում, խի չես դատի տամ, անգրագետ մի ախպար ա, ես դրա համար ջղայնամում եմ, որ իմ անունը իր հետ են կապում: Նորից եմ կրկնում, ես որեւէ բիզնեսով չեմ զբաղվում, ապրում եմ բոլոր մարդկանց նման, ոնց որ բոլորս ենք ապրում, նույն ձեւի էլ ես եմ ապրում»:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է կառավարությանը՝ «Որսորդ» ՍՊԸ-ին զենք արտադրելու լիցենզիա տրամադրելու համար՝ 3 տարի ժամկետով։ Ըստ այդմ՝ ՍՊԸ-ին կտրվի նաեւ քաղաքացիական ու ծառայողական զենքի հարդարման եւ նորոգման լիցենզիա։
«Ըստ ոստիկանապետի՝ անցյալ տարվա նոյեմբերի 29-ին «Որսորդ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար։ «Որսորդ» ՍՊԸ-ին զենք արտադրելու լիցենզիա տրամադրելու դեպքում ՀՀ պետբյուջեի եկամուտների մասում նախատեսվում է աճ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան»,- գրել է ոստիկանապետը։ Ի դեպ, շրջանառվող տեղեկություններով՝ «Որսորդ»-ի տարածքը պատկանում է Ոստիկանական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին եւ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի օրինական առեւտրով»,-գրել է թերթը։




























